ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Սերժ Սարգսյանի կտակը

Սերժ Սարգսյանի կտակը
27.11.2016 | 14:40

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն գումարեց 16-րդ համագումարը, գործնականում գլխավոր իրադարձությունները ծավալվեցին համագումարից առաջ, իսկ համագումարն ընդամենը արձանագրեց ուժերի վերադասավորումը կուսակցության ներսում: Ինչո՞ւ չկատարվեցին տևականորեն գովազդված փոփոխությունները և համագումարում չեղան սենսացիաներ: Մեծ փոփոխություններն ու մեծ սպասելիքները կասեցրեց ՀՀ վարչապետը՝ դիմում տալով կուսակցությանը: Գործնականում նա դարձավ ոչ թե ՀՀԿ-ին նոր ոգի տվողը, այլ՝ «հին» ոգին պահպանել պարտադրողը: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ում ստեղծվում է երկիշխանություն և ՀՀԿ նախագահ վերընտրված ՀՀ նախագահը այլևս իրավիճակի բացարձակ տերը չէ:

«Գազավիկների» իր բանակով Կարեն Կարապետյանը որոշակի հանգամանքներում կարող է գերակշռել ՀՀԿ-ին և մնալ վարչապետ 2018-ից հետո էլ: Եթե Սերժ Սարգսյանը շարունակի այն քաղաքականությունը, որ վարում էր մինչև այսօր: Մոսկվայից վերադարձած ՀՀ վարչապետը մտադիր է «Ամերիկանոն» «Ռուսիանո» վերանվանել ոչ միայն սուրճի դեպքում՝ նրան հանձնարարված է Հայաստանն ամբողջապես դարձնել «Ռուսիանո» և դա պատասխանն է Հայաստանում կատարված սահմանադրական փոփոխությունների, որ Կրեմլը այդպես էլ չհասկացավ, բայց գտավ հակաթույնը՝ վերցնել կուսակցությունը, որ մեծամասնություն կունենա ու վարչապետ կառաջադրի: Ո՞րն էր Սերժ Սարգսյանի սխալը: Նա սխալներ չի արել իր հաշվարկների մեջ, սխալը սկզբունքային էր՝ խորհրդարանում իրական ընդդիմության չգոյությունը և խորհրդարանից դուրս ընդդիմադիր դաշտին կայացման հնարավորություններ չտալը: Եթե խորհրդարանական ընդդիմությունը լիովին ռուսամետ չլիներ, Մոսկվան չէր կենտրոնանա ՀՀԿ-ն տրոհելու և իշխող կուսակցության միջոցով Հայաստանում թավշե իշխանափոխություն անելու տարբերակի վրա: Սերժ Սարգսյանը կունենար այլընտրանք: Իսկ հիմա նրան իշխանությունից հեռացնելու համար Մոսկվան օգտագործում է նրա իսկ զենքը:

Ռուսական մամուլում համագումարի նախօրեին եղան բավականաչափ ցինիկ հրապարակումներ, որոնց իմաստային հանրագումարը մեկն էր՝ 2017-ի ապրիլին խորհրդարանական ընտրություններում Կարեն Կարապետյանը կգլխավորի ՀՀԿ ընտրացուցակը, իզուր է ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2018-ին, կարծում, որ մինչև ընտրությունները և ընտրություններից հետո իր ձեռքին է պահելու երկրի ու իշխող կուսակցության կառավարման վահանակը: Իզուր է նրան թվում, որ հերթական քաղաքական պիեսը ինքն է գրել, և ինչպես կզարգանան իրադարձությունները` կախված են իր որոշումներից: Խարիզմատիկ վարչապետը, որ արդեն Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, պետք է խաղա նոր սուպերլոկոմոտիվի դեր, որը կօգնի հին գնացքին առաջ շարժվել՝ հակառակ հասարակության հակակառավարական տրամադրությունների:

Նրանք, իհարկե, նաև արձանագրում են, որ Սերժ Սարգսյանը առանց մարտի չի հանձնվի՝ ավելին իրենց կարծիքը ներկայացնում են իբրև «որոշ հայ փորձագետների» տեսակետներ, որոնք սպասում են, որ տնտեսությունը այսքան աղետալից վիճակում և ղարաբաղյան նոր պատերազմի մեծ սպառնալիքի առաջ խելացի ղեկավարը ինքը կջանար հանձնել իշխանությունը և վերջնական պարտությունից հինգ րոպե առաջ հեռանալ: Իսկ սրանք արդեն սպառնալիքներ են: Ինչո՞վ են ավելացնելու Կարեն Կարապետյանի քաղաքական դիվիդենդները: Հիմնական փաստարկը՝ Ռուսաստանից բացի այլևս ոչ ոք չի մնացել, որ Հայաստանին վարկեր տա, իսկ Ռուսաստանը երկար կորոնի, թե կոնկրետ ինչի փոխարեն Հայաստանին հերթական վարկը տա: Քանի որ Հայաստանն այլևս սեփական նյութական ոչինչ չունի՝ կփոխհատուցի իշխանությունը հանձնելով: Փաստացի՝ Մոսկվան արդեն բաց է խաղում և, բացի բաց խաղալուց, որոշել է, որ Հայաստանն այլևս ոտուձեռքով իր բռի մեջ է: Բայց այդ ամենը, մեղմ ասած, սքանչելի մոլորություն է, ու ոչ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն առանց դաշնակիցների է մնացել ու կամավոր չի հանձնի իշխանությունը, այլ այն, որ կան ընտրություններ, և այդ ընտրություններում դեռ պիտի ՀՀԿ-ն անբիծ հաղթի, որ Կարեն Կարապետյանը մնա ու հետո էլ դառնա վարչապետ: Ինչո՞ւ են ռուսներն այդքան շուտ բացահայտում իրենց ծրագիրը, նրանք չեն բացահայտում, նրանք զգուշացնում են: ՈՒ՝ նախապատրաստում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ համագումարը չդարձավ սենսացիոն, նախատեսված փոփոխությունները չկատարվեցին, որովհետև Սերժ Սարգսյանը զգաց, որ հին գվարդիան իրեն պետք է գալու Կարեն Կարապետյանի «նոր ոգու» ու «գազավիկների» դեմ պայքարում: Հենց այդ պատճառով էլ կվերանայվի ՀՀԿ-ի ընտրացուցակը՝ հօգուտ նրանց, որ արդեն իսկ այդ ցուցակից դուրս էին բերվել՝ խաղը փոխվում է, հին գվարդիան նորից մարտի է գնալու իշխանության համար, այս անգամ՝ կուսակցության ներսում:


ՈՒ համագումարի ամբիոնից իր 7 խորհուրդները ՀՀԿ նախագահը ուղղում էր բոլորին ու մատնանշում այն վտանգները, որ ունի իշխանությունը: Գուցե դեռ երբեք ՀՀ նախագահը այդքան անկեղծ չէր եղել, երբ ասում էր. «Առաջին խորհուրդը վերահաստատված պետականության մեր օրերից այս է. ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը։ Մեր ժողովրդի ազատությունը, իր երկրում ազատ ու անկախ ապրելու հայաստանցու կամքը մեր ամենամեծ արժեքներն են։ Ցանկացած ոտնձգությունից դրանք պաշտպանելը մեր ամենամեծ պարտքն ու հոգսն է։ Դրանց պաշտպանությունը արժանի է ամենամեծ զոհողության։ Մեր հավաքական ինքնիշխանությունն ու ազատությունն արժանի են նույնքան անսահման լինելու, որքան անսահման են եղել դրանք վերահաստատելու ճանապարհին մեր ժողովրդի զոհաբերություններն ու տառապանքը»։ Ինքնիշխանության և ազատության կորուստը առավել քան ռեալ սպառնալիք են՝ Ռուսաստանին ուղղակի ենթակա վարչապետի առկայությամբ: Յոթ խորհուրդ՝ նախագահության յոթերորդ տարում, որ գուցե կարող է դառնալ նրա կտակը, կամ՝ պայքարի նոր մեկնակետը: Ամեն ինչ նոր միայն սկսվում է:

Դիտվել է՝ 2241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ